Բարձր որակի բետոն արտադրող «Արմբետոն»-ն արտոնություն ստացավ. Կստեղծվի 26 նոր աշխատատեղ՝ 498 հազար դրամ աշխատավարձով
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 15-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԱՐՄԲԵՏՈՆ» ՍՊԸ-ին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԱՐՄԲԵՏՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել բարձր որակի բետոնի արտադրության համար։
Ծրագիրն իրականացվելու է Երևանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2021թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 985 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 26 նոր աշխատատեղ՝ 498 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 985 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 125 մլն դրամ:
Ընկերությունը նախատեսում է ցանկում ներկայացված ապրանքները ներմուծել «Ակբա Լիզինգ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերության միջոցով՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո, այն հանձնելու է «ԱՐՄԲԵՏՈՆ» ՍՊ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։