Կառավարությունն առաջարկում է հարկել հիփոթեքի դեպքում եկամտային հարկի վերադարձվող գումարները
առավարությունում շրջանառության մեջ է հայտնվել Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է հարկել հիպոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով վերադարձված գումարները:
Ստացվում է, որ եկամտային հարկի մի մասը վերադարձնում են, ապա այդ վերադարձրածը նորից հարկում եկամտային հարկով: Օրինակ, եթե քաղաքացուն հիփոթեքային վարկի տոկոսները մարելու համար հետ է վերադարձվում 100 հազար դրամ, ապա այդ 100 հազարը եւս հարկվում է եկամտային հարկով եւ արդյունքում քաղաքացին ստանում է ոչ թե 100, այլ 80 հազար դրամ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության արդյունքում առաջացած՝ ֆիզիկական անձանց եկամուտների հարկման համակարգի ռեգրեսիվությունը մեղմելն է:
ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով վերադարձված գումարները եկամտային հարկով հարկման առումով համարվում են նվազեցվող եկամուտներ։
Եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտվելու առումով ֆիզիկական անձանց ստացված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումների չափից կախված՝ սահմանափակումներ չեն կիրառվել, ինչը նշանակում է, որ անկախ աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումների չափից՝ ֆիզիկական անձինք կարող են օգտվել համակարգից և հետ ստանալ եկամտային հարկի գումարները։
Հաշվի առնելով այն, որ վարկունակ են և վարկեր են ստանում հիմնականում համեմատաբար բարձր աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ ստացող ֆիզիկական անձինք՝ գործնականում ստացվել է այնպես, որ համակարգից առավելապես օգտվում են նշյալ անձինք։ Արդյունքում համեմատաբար բարձր աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ ստացող ֆիզիկական անձինք փաստացի եկամտային հարկ չեն վճարում կամ վճարում են փոքր չափով (քանի որ եկամտային հարկի գումարները ամբողջությամբ կամ հիմնականում հետ են ստանում), իսկ համեմատաբար ցածր եկամուտներ ստացող անձինք վճարում են 20 տոկոսի չափով եկամտային հարկ (քանի որ համակարգի շահառու չեն)։
Մյուս կողմից, ինչպես հայտնի է, վերջին տարիներին եկամտային հարկի պրոգրեսիվ և բարձր դրույքաչափերից անցում է կատարվել համահարթ՝ 20 տոկոս դրույքաչափի, ինչը նշա- նակում է, որ անկախ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների չափից՝ ֆիզիկական անձինք եկամտային հարկը վճարում են նույն դրույքաչափով։ Խնդիրն այն է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հարկման համակարգը ընդգծված ռեգրեսիվ է դարձել՝ հիմնականում պայմանավորված հիպոտեկային վարկի սպասարկման տոկոսների չափով եկամտային հարկի հետ վերադարձով:
Բացի այդ, ինչպես բազմիցս նշվել է, եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության հարցը քննարկելիս անհրաժեշտ է համակարգը դիտարկել բյուջետային գործընթացի շրջանակներում սոցիալական նշանակությամբ պետական աջակցության ծրագրերի ընդհանուր համատեքստում:
Այս կապակցությամբ, կարևորելով սահմանափակ բյուջետային միջոցներն առավելագույն հասցեականությամբ և արդյունավետությամբ օգտագործելու նպատակադրումը՝ համակարգի կիրառության արդյունքում առաջացող՝ պետական բյուջեի լրացուցիչ ծախսերը հիմնավորվածության ու առաջնահերթությունների առումով պետք է անպայմանորեն համադրվեն միևնույն՝ սոցիալական ոլորտում այլ բյուջետային ծրագրերի շրջանակներում կատարվող ծախսերի հիմնավորվածության ու առաջնահերթությունների հետ: Ընդ որում, հարկ է նկատել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգի սպասարկմանն ուղղվող՝ պետական բյուջեի միջոցների չափը հատկապես վերջին տարիներին էականորեն աճել է և դեռևս շարունակում է աճել։
Վերոգրյալի համատեքստում հարկ է նկատել նաև, որ 2015 թվականի ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է 273,9 մլն. դրամ, 2016թ.՝ 1.3 մլրդ. դրամ, 2017թ.՝ 2.4 մլրդ. դրամ, իսկ 2018թ.՝ 4,7 մլրդ․ դրամ, 2019թ․ 7,9 մլրդ դրամ, 2020թ․ 13,3 մլրդ․ դրամ, 2021թ․ 22,6 մլրդ․ դրամ, 2022թ․ 36,5 մլրդ․ դրամ և 2023թ․ 51,9 մլրդ․ դրամ, ինչը նշանակում է, որ եկամտային հարկի վերադարձման համակարգի շրջանակներում պետական բյուջեից կատարվող ծախսերը էական են և յուրաքանչյուր տարի աճում են՝ մեծ բեռ դառնալով պետական բյուջեի վրա: Բացի այդ, վերջին տարիներին աճել է նաև համակարգից օգտվողների քանակը։
Հիշեցնենք, որ ըստ գործող կարգի եկամտային հարկն ուղղվում է առաջնային շուկայից՝ կառուցապատողից գնվող բնակարանի կամ տան հիպոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։