Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է մոտ 1մլրդ դոլար. Քերոբյան
Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022 թվականին կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար։ Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, Ազգային ժողովում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ներդրումների մասով, ըստ միջանկյալ տվյալների, մենք անցած տարի ունենք 1 տրիլիոն 845 միլիարդ դրամի համախառն կուտակում, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար, որը մեր ՀՆԱ-ի 5․13 տոկոսն է»,- հայտարարեց Քերոբյանը։
«Նախապես պլանավորած 42 մլրդի փոխարեն 53 մլրդ 116 մլն դրամի կատարողական ենք ունեցել», – նկատեց Քերոբյանը։
Նա հիշեցրեց, որ օտարերկրյա ուղիղ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի մասով կառավարության թիրախը եղել է 6 տոկոսը, իսկ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի թիրախը եղել է 25 տոկոսը։
Քերոբյանի խոսքով՝ հիմա միջանկյալ տվյալներով այդ ցուցանիշը կազմում է 21․7 տոկոս, բայց հաշվի առնելով, որ վերջնական տվյալները էապես ավելի բարձր են լինում, քան միջանկյալ տվյալները, կարծում են, որ բավականին մոտ կլինեն կառավարության դրած թիրախին։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հավելեց՝ ներդրումներ-ՀՆԱ 25 տոկոս ցուցանիշին հասնելու պարագայում կարող են ասել, որ սպառման վրա հիմնված տնտեսական աճից ներդրումների վրա հիմնված տնտեսական աճին անցումը, ինչի նպատակը դրել է կառավարությունը, իրականացվում է։