Գլխավոր Նորություններ Ստեղծվելու է շուրջ 300 նոր աշխատատեղ. էկոնոմիկայի նախարարն այցելել է մետաղաձուլական գործարան

Ստեղծվելու է շուրջ 300 նոր աշխատատեղ. էկոնոմիկայի նախարարն այցելել է մետաղաձուլական գործարան

Օգոստոս 11, 2024

Նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 9-ին այցելել է Արարատի մարզում կառուցվող մետաղաձուլական գործարան։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ այցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և Արարատ խոշորացված համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը։

Մետաղագործական արտադրությունը գործարկվելու է հայ-ամերիկյան «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ ձեռնարկության կողմից։ Գործարանը մասնագիտանալու է սև մետաղների, այդ թվում՝ ամրանների, պողպատե անկյունների, խողովակների արտադրության մեջ։ Այս գերժամանակակից կառույցը խոշոր ներդրում է Հայաստանի արդյունաբերական ենթակառուցվածքում և ակնկալվում է, որ էական ներդրում կունենա երկրի տնտեսության մեջ: Նախատեսվում է առաջին փուլով 30 մլն դոլարի(երկրորդ փուլով՝ ևս 40 մլն դոլարի) ներդրում, ստեղծվելու է շուրջ 300 նոր աշխատատեղ։

«Ջի Թի Բի Հոլդինգս»-ի տնօրեն Տիրան Հակոբյանի և ներդրող Բոբբի Կանգի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել արտադրական կարողություններին և առաջադեմ տեխնոլոգիաներին, որոնք կկիրառվեն բարձրորակ պողպատե արտադրանքի արտադրության մեջ։

Նախարարն ընդգծել է նման նախաձեռնությունների կարևորությունը տարածաշրջանում տնտեսական աճի խթանման և աշխատատեղերի ստեղծման գործում։ Ծրագիրն իրականացվել է ինչպես միջազգային ներդրողների, այնպես էլ Ֆասթ Բանկի ջանքերով։

Աղբյուրը՝ https://news.am/