Ստորագրվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան համատեղ հանձնաժողովի նիստի արձանագրությունը
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում սեպտեմբերի 12-13-ին կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստը։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իրաքյան կողմինը՝ ԻՀ գյուղատնտեսության նախարար Աբբաս Ալ-Մալքին:
«Մեր նպատակն է նիստի ընթացքում Իրաքի գործընկերների հետ մտքեր փոխանակել առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, թվայնացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների շուրջ՝ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու համար», – նշել է Վահան Քերոբյանը։
Հայ-իրաքյան միջկառավարական նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ առևտրի, գյուղատնտեսության, ֆինանսների, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության, էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և զբոսաշրջության ոլորտներում։
Նիստի արդյունքում՝ իրաքյան կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստի արձանագրությունը։
Աղբյուրը՝ https://news.am/arm/