Գլխավոր Նորություններ ՎԶԵԲ-ը Հայաստանին տրամադրել է 236 մլն եվրոյի վարկ «Հյուսիս-Հարավ» միջանցքի ճանապարհի կառուցման համար

ՎԶԵԲ-ը Հայաստանին տրամադրել է 236 մլն եվրոյի վարկ «Հյուսիս-Հարավ» միջանցքի ճանապարհի կառուցման համար

Մայիս 15, 2024

Հայաստանը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մայիսի 15-ին ստորագրել են վարկային համաձայնագիր 236 մլն եվրոյի վարկ տրամադրելու մասին՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցման համար։

Նախագծի ընդհանուր արժեքը մոտ 373 մլն եվրո է։ Նոր ճանապարհը բաժանվելու է հյուսիսային, հարավային եւ կենտրոնական հատվածների։

Վարկային միջոցները ծախսվելու են հարավային հատվածի կառուցման վրա։ Ճանապարհը կկրճատի Քաջարանից Սիսիան տարածությունը՝ 118 կիլոմետրից հասցնելով 60-ի, իսկ միջին արագությունը դրանով կմեծանա՝ 50-ից հասնելով ժամում 100 կիլոմետրի։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչեւ 2030թ.։

Ստորագրման արարողությունը նախատեսված է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ամենամյա ժողովի շրջանակում, որը մեկնարկել է Երեւանում մայիսի 14-ին եւ շարունակվելու է մինչեւ մայիսի 16-ը։

Վերջին հինգ տարիներին ՎԶԵԲ-ը Հայաստանում ներդրել է 640 մլն եվրո՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, ենթակառուցվածքի բարելավմանը, վերականգնվող էներգիայի արտադրմանը եւ գյուղական շրջանների թվայնացմանը։

Այսօրվա դրությամբ ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 2,1 մլրդ եվրո Հայաստանի 210 նախագծերում։

Աղբյուրը՝ ttps://news.am/