Փողոցային առեւտուրը կպատժվի տուգանքով՝ վաճառվող ապրանքի առգրավմամբ․ Հրաչյա Սարգսյան
Մենք առաջարկել ենք օրենքի նախագիծ, որով փողոցային առեւտրի արգելքի խախտումը կպատժվի տուգանքով՝ վաճառվող ապրանքի առգրավմամբ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նա պարզաբանեց, որ առաջին անգամ տուգանքը կկազմի 70 հազար դրամ (160 դոլար-խմբ.), իսկ երկրորդ անգամ՝ մեկ տարվա ընթացքում՝ 200 հազար դրամ (460 դոլար)։
Սարգսյանը հավելեց, որ պարենային ապրանքների դեպքում առգրավված ապրանքը կոչնչացվի, իսկ մնացած դեպքերում Երեւանի քաղաքապետարանը կդիմի դատարան։ «Արգելքը վերաբերելու է սննդամթերքի եւ խաղալիքների վաճառքին։ Այս փոփոխությունը չի տարածվում ծաղկի առեւտրի վրա։ Աճ է գրանցվել Երեւանի կենտրոնում գտնվող այս տարածքներում փողոցային առեւտրի ոլորտում։ Պարբերաբար աշխատանքներ ենք տանում անվտանգության եւ սանիտարահիգիենիկ խնդիրների լուծման ուղղությամբ»,-ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է փողոցային առեւտրով զբաղվող մարդկանց զբաղվածության հարցին, ապա այս պահին թե՛ պետական ապարատում, թե՛ մասնավոր հատվածում, ըստ նրա, մեծ թվով թափուր աշխատատեղեր կան։
Աղբյուրը՝ NEWS.am