ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը 2024-ին կնախագահի Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդում
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը 2024-ին կնախագահի Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդում։ Արդեն մշակել և հաստատվել է Գործարար խորհրդի նախագահության 2024-ի աշխատանքային պլանը։ Վերջինս փետրվարի 8-ին կայացած ՀԱԳՄ խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցներին ներկայացրեց Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։
Նիստը հաշվետու էր՝ ամփոփվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 2023 թ․ գործունեության արդյունքները, հաստատվեց 2024 թ․աշխատանքային ծրագիրը։
ՀԱԳՄ գործադիր տնօրենի ներկայացմամբ՝ անցյալ տարի կառույցի կարևորագույն խնդիրներից է եղել գործարարության շահերի ներկայացումը և պաշտպանությունը, անկախ դրանց մեծությունից և ճյուղային պատկանելությունից:
Միությունն իր հիմնական գործառույթներից մեկը համարելով ՀՀ իշխանությունների (Ազգային ժողով, կառավարություն, նախարարություններ և գերատեսչություններ) հետ գործընկերության զարգացումը` շարունակել է կառուցողական երկխոսության պրակտիկան: Կազմակերպվել են տնտեսական ոլորտին վերաբերող նոր օրենքների, ինչպես նաև գործող օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկումներ, Միության անդամների միասնական կարծիքի մշակում և ներկայացում:
Ինչպես նախկինում` 2023թ.-ին ևս ՀԱԳՄ կարևորագույն խնդիրներից է եղել ԵԱՏՄ ուղղությամբ ակտիվ գործունեության ծավալումը: Լինելով ՀՀ ներկայացուցիչը ԵԱՏՄ Գործարար խորհրդում` Միությունը 2023թ․ ընթացքում գործնական սերտ կապերի մեջ է եղել ԵԱՏՄ կառույցների հետ: Ստեղծվել են ԵԱՏՄ ոլորտային նոր հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, որոնց կազմում ընդգրկվել են նաև ՀԱԳՄ գործարարներ, կառույցի կողմից առաջարկված մասնագետներ:
Ակտիվ աշխատանք է տարվել այլ միջազգային գործընկերների հետ՝ համատեղ ցուցահանդեսների կազմակերպում, փոխադարձ ճանաչողական այցեր, գործնական հանդիպումներ, համագործակցության ծրագրերի մշակում։
Բանախոսի ներկայացմամբ՝ հաճախ է պատահել, երբ հրատապ շատ խնդիրների հաղթահարման ճանապարհային ոլորտային ոչ կառավարական կազմակերպությունները համախմբել են ջանքերը, հանդես եկել միասնական ճակատով, առավել հնչեղ դարձնելով հանրային ձայնը։ Այդ նպատակով միության նախաձեռնությամբ ձևավորվել է գործարարության շահերը ներկայացնող հասարակական կառույցների միասնական հարթակ։
Գործարար համայնքի կողմից զգալի աշխատանք է կատարվել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Արցախում ծավալված զարգացումների առնչությամբ ՀԱԳՄ կոչից հետո բազմաթիվ գործարարներ իրենց ակտիվ մասնակցությունն են բերել ստիպողաբար տեղահանված մեր հայրենակիցներին կացարաններով, սնունդով, առաջին անհրաժեշտության պարագաներով, աշխատատեղերով ապահովման գործում։ Այս աշխատանքները շարունակական բնույթ են կրում։
Էդուարդ Կիրակոսյանը հանգամանալի անդրադարձավ գործունեության այլ ուղղություներին ևս, հաստատվեց Միության 2024 թվականի բյուջեն։
Նիստի օրակարգում էր նաև «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության մոտեցումները պետական գնումների ընթացակարգերի վերաբերյալ» հարցը։ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի ներկայացմամբ՝ պետգնումների ոլորտում առկա անորոշությունները, չափորոշիչների սահմանման, մրցույթների անցկացման ընթացակարգերում առկա են հստակեցում պահանջող դրույթներ։ Արդյունքում՝ մրցույթները հաճախ ձգձգվում են, միշտ չէ, որ նախընտրությունը տրվում է բարձրորակ ապրանքներին կամ հաղթող է ճանաչվում ամենաարժանավորը։ Ոչ հստակ, ձգձգվող ընթացակարգերից խուսափելու արդյունքում շատ ընկերություններ ձեռնպահ են մնում պետական գնումների մրցույթներին մասնակցելուց։
Բուռն քննարկման արդյունքում որոշվեց ձևավորել փորձագիտական աշխատանքային խումբ՝ առկա խնդիրներն ու առաջարկները ի մի բերելու և դրանք պատկան մարիններին ներկայացնելու համար։
Աղբյուրը՝ https://news.am/