ՊԵԿ նախագահը և ԱՄՆ պետքարտուղարության փոխտեղակալը քննարկել են հարկային և մաքսային գործակցության ուղղությունները
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության միջազգային անվտանգության և զենքի չտարածման հարցերով առաջին փոխտեղակալ Էն Գենզերին։ Այս մասին հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ պետդեպարտամենտի Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության ծրագրի (EXBS) տարածաշրջանային ղեկավարը, ինչպես նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավարը։
ՀՀ ՊԵԿ նախագահը ողջունել է պատվիրակությանը և ներկայացրել ամերիկյան գործընկերների հետ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային համագործակցության հիմնական ուղղությունները։ Ռուստամ Բադասյանը համակարգի համապարփակ բարեփոխումների համատեքստում ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտներում միջազգային այլ գործընկերների հետ նախանշվող հիմնական առանցքային դրույթները:
ՊԵԿ նախագահը հյուրերին ներկայացրել է դեռևս 2022 թվականի դեկտեմբերին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանց իրականացման ընթացքը։
Կողմերը մեկ անգամ ևս ընդգծել են EXBS ծրագրի շրջանակում ՀՀ ՊԵԿ մաքսային անցակետերում մաքսային զննման և թմրամիջոցների հայտնաբերման ժամանակակից սարքավորումներով համալրման անհրաժեշտությունը։ Քննարկվել են նաև մաքսային ոլորտում ռիսկերի համակարգի արդիականացմանն ուղղված մի շարք հարցեր։
ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը մաքսային բարեփոխումների համատեքստում ներկայացրել է մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների արդյունքները։
Հանդիպման ավարտին Էն Գենզերը բարձր է գնահատել կողմերի միջև արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը։