Главная Նորություններ ԵՄ-ն 90 ընկերություն կներառի հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթում. ընդգրկված են հայկական ընկերություններ

ԵՄ-ն 90 ընկերություն կներառի հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթում. ընդգրկված են հայկական ընկերություններ

22 мая, 2023

ԵՄ-ն ավելի քան 90 ընկերություն կներառի հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթում՝ Ռուսաստանի դեմ արդեն գործող սահմանափակումների շրջանցման շրջանակում, ZDF հեռուստաընկերությանն ասել է  Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«Մենք լրջորեն տրամադրված ենք, որպեսզի վերջ դնենք պատժամիջոցների շրջանցմանը։ Ուստի մենք պատժամիջոցների 11-րդ փաթեթում կներառենք ավելի քան 90 ընկերություն, որոնց վերաբերյալ ակնհայտ ապացույցներ ունենք. դրանք, շրջանցելով երրորդ երկրները, հենց ԵՄ-ից Ռուսաստան են մատակարարում ապրանքներ, որոնց արտահանումն արգելված է»,- ասել է նա։

ԵՀ ղեկավարն ասել է, որ միջոցները վերաբերելու են ութ ընկերության, որոնք գտնվում են Չինաստանում։

Ավելի վաղ ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը հիմնականում ուղղվելու է գործող սահմանափակումների շրջանցումը կանխելու դեմ։

Financial Times-ը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել է, որ հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում Բրյուսելում առաջին անգամ առաջարկել են պատժամիջոցներ մտցնել չինական յոթ ընկերությունների դեմ՝ ՌԴ-ին ապրանքներ վաճառելու հետ կապված, որոնք կարելի է օգտագործել սպառազինություններում։ Պարբերականի տվյալներով՝ պատժամիջոցների ցուցակների նախագծում ներառված են մայրցամաքային Չինաստանի երկու ընկերություններ՝ 3HC Semiconductors-ը եւ King-Pai Technology-ն, ինչպես նաեւ հոնկոնգյան հինգ ընկերություն, ներառյալ Sinno Electronics-ը, Sigma Technology-ն, Asia Pacific Links-ը, Tordan Industry-ն եւ Alpha Trading Investments-ը։

Չինական ընկերություններից բացի, նույն հիմնավորումներով, նախատեսվում է պատժամիջոցներ մտցնել իրանական, հայկական, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ սիրիական ընկերությունների դեմ։

Սահմանափակիչ միջոցներ մտցնելու համար պահանջվում է, որպեսզի հավանություն տան ԵՄ բոլոր երկրները։