Главная Նորություններ Հայաստանն ու Հնդկաստանը բանակցություններ են վարում միջազգային ավտոմոբիլային փոխադրումների վերաբերյալ համաձայնագրի շուրջ

Հայաստանն ու Հնդկաստանը բանակցություններ են վարում միջազգային ավտոմոբիլային փոխադրումների վերաբերյալ համաձայնագրի շուրջ

30 марта, 2023

Հայաստանն ու Հնդկաստանը բանակցություններ են վարում միջազգային ավտոմոբիլային փոխադրումների վերաբերյալ համաձայնագրի ստորագրման շուրջ։ Այս առումով Երեւանը նաեւ հնարավոր է համարում Նյու Դելիի միանալը «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին (ՄՏՄ): Այս մասին «Sputnik Արմենիա»-ին ասել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից՝ ի պատասխան գրավոր հարցման։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանն առաջարկել է Հնդկաստանին Իրանով, Հայաստանով, Վրաստանով եւ Սեւ ծովով առեւտրային միջանցք տրամադրել՝ Ռուսաստան եւ Եվրոպա հնդկական ապրանքների ավելի արագ առաքման համար։ «Ներկայումս Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ակտիվացել են տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացման շուրջ բանակցությունները»,- նշել են նրանք՝ ի պատասխան հարցման։

Նախարարությունում նաեւ հիշեցրել են, որ թեեւ Հնդկաստանը «Պարսից ծոց-Սեւ ծով» ՄՏՄ-ի ստեղծման համաձայնագրի անդամ չէ, սակայն ցանկության դեպքում Նյու Դելին դրան կարող է միանալ։

Հայաստանը պատրաստ է վավերացնել «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման համաձայնագիրը՝ հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Երեւանում վստահ են, որ ՄՏՄ նախագծի իրականացումը խթան կհանդիսանա փոխադրումների մուլտիմոդալային տեսակի զարգացման համար եւ կբարձրացնի Հայաստանի տարանցիկ գործառույթը Եվրոպա-Ասիա երթուղու երկայնքով միջազգային բեռնափոխադրումներում։

«Պարսից ծոց-Սեւ ծով» ՄՏԿ համաձայնագրի ստորագրումը նոր որակ կհաղորդի նաեւ Հայաստանի եւ Իրանի համագործակցությանը»,- նշել են նրանք՝ ի պատասխան հարցման։

Նախարարությունը հիշեցրել է, որ վերջին անգամ նախագծին մասնակից երկրների պատվիրակությունները, մասնավորապես՝ Հայաստանի, Իրանի, Վրաստանի եւ Բուլղարիայի պատվիրակությունները հավաքվել են փորձագիտական խմբի վեցերորդ նիստին՝ 2022 թվականի ապրիլի 6-7-ը նախագիծը Սոֆիայում համաձայնեցնելու համար։ Նիստի արդյունքում ստորագրվել է վեցերորդ հանդիպման արձանագրությունը, որում ասվում է, որ «Պարսից ծոց — Սեւ ծով» ՄՏՄ-ի վերջնական տարբերակը պատրաստ է։ Իրանական կողմը պետք է դիվանագիտական ուղիներով համաձայնեցնի պայմանագրի վերջնական տարբերակը ՄՏՄ անդամ այն երկրների հետ, որոնք ներկա չեն եղել հանդիպմանը, եւ պատասխան ստանալուց հետո արդյունքների մասին տեղեկացնի մյուս պետություններին։

Միաժամանակ նախարարությունում նաեւ մատնանշել են երկրի պատմության մեջ խոշորագույն ենթակառուցվածքային ծրագրի՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման առանձնահատուկ դերն ու կարեւորությունը։ Ծրագիրը 90 կմ-ով կնվազեցնի Մեղրի (Իրանի հետ սահմանից)-Երեւան-Բավրա (մինչեւ Վրաստանի սահման) հեռավորությունը երկրի հարավից հյուսիս՝ այն հասցնելով 470-ի, ինչպես նաեւ կավելացնի Հայաստանի տարանցիկ դերը ինչպես ՄՏՄ-ում, այնպես էլ միջազգային բեռնափոխադրումներում։

«Պարսից ծոց-Սեւ ծով» ՄՏՄ նախագծի մեկնարկի գաղափարն առաջին անգամ Իրանը հնչեցրել է 2016 թվականին։ Դրան պաշտոնապես մասնակցում են Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը։ Ծրագիրը ծախսատար է, հավակնոտ եւ իրականացման առումով բավականին բարդ։

Պաշտոնապես նախագիծը Թեհրանը պետք է կապի Եվրոպայի հետ (դա չի նշանակում, որ Իրանն այլ ելք չունի դեպի ԵՄ երկրներ-խմբ.) Երեւանով եւ Թբիլիսիով եւ մեծացնի մասնակից երկրների տարանցիկ հնարավորությունները։ Ներկայումս քննարկվում է դրան նաեւ Դելիի միանալու հարցը։

Միջանցքը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի համար՝ թույլ կտա դիվերսիֆիկացնել մատակարարումները, ազատորեն օգտվել Իրանի նավահանգիստներից եւ կարեւոր տարանցիկ հանգույց դառնալ:

Աղբյուրը՝ https://news.am/arm/news/752174.html