Главная Նորություններ Հաստատվել են Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը

Հաստատվել են Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը

11 мая, 2023

Կառավարության որոշմամբ հաստատվել են Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը): Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտը երբեք ռազմավարություն չի ունեցել, և չափազանց կարևոր է դրա առկայությունը: Դրանով նախանշվում են ՀՀ-ում հանքարդյունաբերության զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ուղղությունները, սահմանվում են ոլորտի կարգավորման ու զարգացման, ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործման, բնապահպանական և առողջապահական ռիսկերի կառավարման ու մեղմման, եկամուտների համաչափ/արդարացի բաշխման մեխանիզմները։ Նախարարը զեկուցել է, որ ռազմավարությամբ սահմանված է 3 նպատակ՝ երկրաբանության միասնական թվային տեղեկատվական շտեմարանի ստեղծում ու վարում, ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում արդյունավետ որոշումների կայացում, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտների, մոտեցումների կիրառումը: Այս առումով սահմանվել են մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության մեխանիզմները, ներդրումային գրավչության խթանման քայլերը և այլն: Փաստաթուղթն ունեցել է լայն հանրային քննարկում՝ 22 բանավոր հանդիպում, շուրջ 1000 առաջարկ և մեկնաբանություն, համաձայնեցվել է տարբեր գերատեսչությունների, ՀԿ-ների, միջազգային գործընկերների հետ:

Կառավարության ղեկավարն ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության նշանակությունը՝ անդրադառնալով դրանով նախանշված առաջնահերթություններին. «Իսկապես շատ կարևոր փաստաթուղթ է, և ուզում եմ ընդգծել մի քանի կարևոր ուղղությունները կամ ռազմավարական խնդիրները, որոնք մենք մեր առաջ դնում ենք:

Առաջինը՝ հանքարդյունաբերության ոլորտից հանրությունը, պետությունը պետք է ստանան հնարավորինս մեծ օգուտ, ընդ որում՝ ուղղակի և անուղղակի, այդ թվում նաև՝ ազդակիր համայնքները, տեղական ինքնակառավարման մարմինները:

Երկրորդը՝ հանքարդյունաբերությունը պետք է հնարավորինս արդյունավետ կառավարի բնապահպանական ռիսկերը: Ընդ որում՝ ոչ միայն շահագործման ընթացքում ի հայտ եկող, այլև շահագործումից հետո, մասնավորապես, ռեկուլտիվացիայի, այսինքն՝ հանքերի փակման, հետագայում այդ տարածքները, այսպես ասած, քաղաքացիական շրջանառության վերադարձնելու գործընթացը և այդպես շարունակ:

Եվ երրորդը՝ հանքարդյունաբերությունն օր առաջ պետք է հնարավորինս արագ մոտեցնել միջազգային լավագույն ստանդարտներին: Այս առումով նաև ոլորտի կրթությունը մեր հանրապետությունում պետք է էականորեն զարգացնել, որպեսզի լավագույն ժամանակակից չափանիշներին համապատասխանող մասնագետներ մեր երկրում աշխատեն, որպեսզի կարողանան շահագործել մեր սահմանած ստանդարտներին համապատասխան: Այս առումով, կարծում եմ, նաև կոնկրետ օրինակներով արդեն կարող ենք որոշակի արդյունքներ արձանագրել»:

Իսկ հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարությունն իսկապես շատ ծավալուն փաստաթուղթ է, շատ մանրամասն քննարկված: Ես ուզում եմ ևս մեկ նրբության անդրադառնալ, որին, կարծում եմ, վերջին խորհրդակցությունից հետո անդրադարձ կատարել ենք: Դրա մասին, իհարկե, նոր չի խոսվում, բայց նաև պոչամբարների վերամշակման թեմային պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք, որովհետև, գիտեք, ինչքան տեխնոլոգիաները զարգանում են, այնքան օգտակար նյութի կորզման տոկոսը մեծանում է: Բայց նաև այդ պոչամբարներում կուտակվում են երկար տարիներ շահագործված հանքանյութեր, որոնց կորզումը հին տեխնոլոգիաներով է տեղի ունենում, և պոչամբարներում երբեմն լինում է որոշակի օգտակար նյութ, որի վերամշակումը տնտեսապես կարող է ձեռնտու լինել: Մենք այս թեմային նույնպես հատուկ ուշադրություն ենք դարձնում ռազմավարության մեջ: Փաստաթուղթը հրապարակային է լինելու, և հետաքրքրվողները, մեկնաբանները, փորձագետները կարող են օգտվել»: