Հայաստանում նախատեսվում է մշակել պետական ակտիվների կառավարման նոր մոդել
Երկուշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական ակտիվների կառավարմանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Դավիթ Թավադյանը ներկայացրել է պետական ակտիվների թվայնացման գործընթացը, դրանց կառավարման և կարգավորման նոր մոտեցումները, ինչպես նաև թափանցիկության և հաշվետվողականության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Քննարկվել է նաև պետական ակտիվների կառավարման համակարգի կազմակերպական կառուցվածքը։
Խորհրդակցության ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է պետական ակտիվների նպատակային, արդյունավետ և թափանցիկ օգտագործման ապահովմանը։ Այս ուղղությամբ ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ։
Ամփոփելով քննարկումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է պետական ակտիվների կառավարման արդյունավետ մոդելի մշակման կարևորությունը։
Նոր մոդելը պետք է ապահովի պետական ակտիվների պատշաճ հաշվառում, դրանց շարունակական գնահատում, պետական բյուջեի համար կայուն եկամուտների ապահովում, ինչպես նաև նպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը։
Պետական ակտիվների կառավարման նոր մոդելի մշակման աշխատանքները կշարունակվեն։