Գլխավոր Նորություններ ՊԵԿ-ը 2021թ․ շահութահարկի հաշվարկների մասով կամերալ արձանագրությունների արդյունքում ծանուցել է 2237 հարկ վճարողի

ՊԵԿ-ը 2021թ․ շահութահարկի հաշվարկների մասով կամերալ արձանագրությունների արդյունքում ծանուցել է 2237 հարկ վճարողի

Օգոստոս 25, 2022

Պետական եկամուտների կոմիտեն, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, հարկային տարվա ավարտից հետո  ուսումնասիրում ու վերլուծում է հարկ վճարողների ներկայացրած տարեկան շահութահարկի յուրաքանչյուր հաշվարկ եւ հայտարարագրված ցանկացած տվյալ:

Ինչպես տեղեկանում են ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շահութահարկի հաշվարկների վերլուծություններում առավել շատ հանդիպող ռիսկերը վերաբերվում են ծախսերի ուռճացման եւ եկամուտների թերհայտարարագրման դեպքերին:

Ամենօրյա մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված ռիսկերի մասին  ՊԵԿ հարկային տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչությունն անմիջապես ծանուցում է տնտեսվարողներին: Արդյունքում հարկ վճարողները ներկայացնում են հիմնավորումներ կամ ճշտված հաշվարկներ՝ զերծ մնալով ՀՀ օրենսդրությամբ սահմանված տուգանքներից եւ տույժերից կիրառումից:

2021թ.-ի համար ներկայացված շահութահարկի հաշվարկների մասով, բացառապես կամերալ արձանագրությունների արդյունքում, ծանուցվել է 2237 հարկ վճարող: Նրանցից շուրջ 500-ը՝ իրացման շրջանառություն հայտարարագրելու պայմաններում չի ներկայացրել շահութահարկի հաշվարկները, իսկ ներկայացված ճշտված հաշվարկների արդյունքում՝ շուրջ 800 դեպքով հայտարարագրվել է 6,1 մլրդ դրամ շահութահարկ, համախառն եկամուտն ավելացել է 11,9 մլրդ դրամով: