Գլխավոր Նորություններ Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ

Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ

Ապրիլ 15, 2022

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է օրենքով ներդնել օրինապահ հարկ վճարողի ինստիտուտ և  օրինապահ հարկ վճարողներին տրամադրել վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ: Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում օրենքով ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարումը: Առաջարկվում է օրինապահ հարկ վճարողներին տրամադրել վարչարարարության իրականացման մի շարք բարենպաստ պայմաններ: Նախագծի ընդունումից հետո կառավարության կողմից կսահմանվեն օրինապահ հարկ վճարող համարվելու չափանիշները և հավաստագրի տրամադրման կարգը:

Առաջարկվում է նաև սահմանել Հարկ վճարողի օր: Հարկ վճարողի օրը կնշվի ապրիլի 19-ին:  Օրինապահ հարկ վճարող ճանաչվելու համար կարող են դիմում ներկայացնել միայն ավելացված արժեքի հարկ վճարողները: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում փաթեթը լրամշակվել է, կատարվել են որոշակի խմբագրական, տեխնիկական հստակեցումներ: Նախագծերի վերաբերյալ պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ստացվել:

«Փաթեթի ընդունման անհրաժեշտությունն այս ընթացքում ևս հիմնավորվել է՝ դրա նկատմամբ հանրային հետաքրքրվածության աճով: Դրա մասին է վկայում նաև վերջին ամիսներին հարկ վճարողների կողմից օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար ներկայացված դիմումների քանակական աճը: 2021-ի հունվար-մարտին 2020-ի համադրելի ժամանակահատվածի համեմատ դիմումների քանակն աճել է 2.4 անգամ, իսկ տրամադրված հավաստագրերի քանակը՝ 2.5 անգամ»,- ասաց Հովհաննիսյանը: