Գլխավոր Նորություններ 67 602 ՀԴՄ–ներից 13 356 սարքերը հնարավորություն ունեն անկանխիկ գործարքներ անել. Բադասյան

67 602 ՀԴՄ–ներից 13 356 սարքերը հնարավորություն ունեն անկանխիկ գործարքներ անել. Բադասյան

Օգոստոս 24, 2022

Անկանխիկ առեւտրի դեպքում գումարի հետվճար իրականացնելը դե ֆակտո հնարավորություն կտա բարձրացնել կենսաթոշակները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24–ին, Կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով կենսաթոշակներ ու նպաստների բարձրացման Կառավարության որոշմանը։

Վարչապետը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվեց, թե անկանխիկ առեւտրի դեպքում գումարի հետվճարի իրականացումը, ինչ արդյունքներ է տվել։ Նախարարն ասաց.

«Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարելու պետություն–մասնավոր սոցիալական պատասխանատվության փոխգործակցության միջոցառումը աշխատում է հուլիսի մեկից։ Միջոցառմանը միացած բանկերում սպասարկվող քաղաքացիների շուրջ տասը տոկոսը՝ 17 000 քաղաքացի, միայն հուլիսին իրականացրել է շուրջ 504 մլն դրամի անկանխիք գործարքներ։ Գուցե հարց առաջանա, թե ինչու է մասնակիցների թիվը փոքր է, բայց պետք է հաշվի առնել, որ նախքան հետվճարի միջոցառումը, այս թիվը զրո է եղել, այսինքն՝ կենսաթոշակառուները քարտերով ընդհանրապես անկանխիկ գործարք չեն արել»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե կենսաթոշակները ստանալու ծրագրի շրջանակում աշխատում են երեք բանկի հետ, որոնց ծառայություններից օգտվում է 173 000 կենսաթոշակառու։ Վարչապետը ընդգծեց, որ պետք է ակտիվ աշխատել բանկերի հետ, որպեսզի ընդլայնվի նրանց թիվը։

Ըստ Փաշինյանի՝173 000 շահառուից 17 000–ը սկսել է անկանխիկ գործարքներ անել։

«44 մլն դրամ մենք նրանց հետվճար ենք անելու։ Եթե մենք այս թվերը գումարում ենք իրար, ապա այս փուլում մենք ինչ–որ ձեւով զսպում ենք գնաճի ազդեցությունը»,– ասաց նա։

Վարչապետը ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց, թե անկանխիկ գործարքներ անելու  հնարավորություն Հայաստանի բոլոր վայրերում կա՞, որ, օրինակ, գյուղի կենսաթոշակառուները իրենց գնումներն անեն անկանխիկ։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը թվեր ներկայացրեց.

«Մենք Հանրապետությունում ունենք 67 602 ՀԴՄ սարք, աս պահին 13 356 ՀԴՄ սարք POS տերմինալով աշխատում է, այսինքն՝ անկանխիկ գործարքներ հնարավոր է անել այս 13 356 ՀԴՄ սարքերով»։

Բադասյանն ասաց, որ այս պահին 25 737 էլեկտրոնային դիմում կա, որպեսզի նրանց POS տերմինալները ակտիվացվեն։ Կան նաեւ թղթային տարբերակով դիմումներ, որոնց քանակը, սակայն, հստակ չէ։

«Սպասում ենք, որ Կենտրոնական բանկից տեղեկացնեն, թե որ տնտեսվարողներն են դիմել թղթային տարբերակով, որպեսզի մենք վարչարարություն իրականացնենք չակտիվացվածերի հանդեպ։ Պատկերն ընդհանուր առմամբ ակտիվ է»,– ասաց ՊԵԿ ղեկավարը։

Աղբյուրը՝ https://news.am/arm/